суббота, 19 апреля 2014 г.

Իրավաբան-փիլիսոփան հաղթել է ՍԴ-ում և մտադիր է պետությանը վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել. Panorama.am




Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետն ավարտած, մագիստրատուրայում ուսանած ու իրավագիտություն ուսումնասիրած 32-ամյա իրավաբան-փիլիսոփա Գևորգ Սլոյանը 2 տարի առաջ Փաստաբանական դպրոց չի կարողացել ընդունվել. մերժել են` պատճառաբանելով, որ նա չի համապատասխանում օրենքով պահանջվող նորմերին: 

Բանն այն է, որ «Փաստաբանության մասին» օրենքով, Փաստաբանական դպրոց ընդունվելու համար պահանջվում է իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, իսկ մագիստրական բարձր կրթական աստիճան ունեցող անձը չէր կարող ընդունվել դպրոց:

Սահմանադրական դատարանը, սակայն, Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա, ապրիլի 18-ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց այդ պահանջը: Ըստ ՍԴ որոշման, ««Փաստաբանության մասին» օրենքի 45.6 հոդվածի առաջին մասը այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր կրթական աստիճանի` մագիստրոսի ն համարժեք որակավորում ունեցող անձի Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 3-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր»:

Գևորգ Սլոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ուրախ է շուրջ երկու տարի դատական քաշքշուկներից հետո ՍԴ-ում տարած հաղթանակի համար:

«Խնդիրը, որի առաջ ես կանգնել էի, ըստ էության լուծված է»,- նշեց իրավաբան-փիլիսոփան: 

2012-ի հունվարին, երբ «Փաստաբանության մասին» օրենքը մտավ ուժի մեջ, ստեղծվեց Փաստաբանական դպրոցը, Գևորգը դիմել է ընդունվելու համար, սակայն մերժվել: Դրանից հետո նա դատական երեք ատյաններում փորձել է ապացուցել, որ նորմը, որի հիման վրա ինքը չի կարողացել ուսանել Փաստաբանական դպրոցում, հակասահմանադրական է: Սակայն դատարանները չեն համարել խախտում, կիրառել են օրենքի հակասահմանադրական նորմը: Մինչդեռ նրանք ունեին իրավասություն դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել նորմը:

«Դատարանը եթե տեսնում է, որ նորմը հակասահմանադրական է, իրավունք ունի գործի վարույթը կասեցնել, դիմի Սահմանադրական դատարան: Եթե դատարանը տեսնում է, որ նորմը հակասահմանադրական է և դիմումից այդպես երևում է, բայց կիրառում է հակասահմանադրական նորմ, դա արդեն իսկ խնդիր է: Ես չեմ կարծում, որ չլինելով դատավոր տեսա, որ նորմը հակասահմանադրական է, բոլոր երեք ատյանների դատավորները դա չեն տեսել, քանի որ մենք պետք է այն կանխավարկածից ելնենք, որ դատարաններում աշխատում են լավագույն իրավաբանները», -նկատեց մեր զրուցակիցը:

Նա մտադիր չէ հանձնվել և պատրաստվում է երկու տարին կորցնելու համար վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել: 

«Ես կորցրել եմ 2 տարի, մինչդեռ այդ ժամանակ կարող էի փաստաբանական գործունեություն ծավալել, եկամուտներ ստանալ: Այդ պատճառով էլ որոշակի քայլեր եմ պլանավորում, պետությունը քո նկատմամբ հերիք չի ընդունում է հակասահմանադրական օրենք, բարձր աշխատավարձ է տալիս դատավորներին, որ տեսնեն օրենքը հակասահմանադրական է ու չկիրառեն քաղաքացիների նկատմամբ, դատավորները կիրառում են, քաղաքացին տուժում է, երկու տարի էլ կորցնում է: Ի՞նչ պետք է անի քաղաքացին, պետք է վնասը գնահատի ու ասի եկեք հատուցեք Ձեր հակասահմանադրական օրենքի հետևանքները», -նշեց Գևորգ Սլոյանը:

Նշենք, որ կառավարությունն իր վերջին նիստում հավանություն էր տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը:




Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Աղբյուրը` Panorama.am

Комментариев нет:

Отправить комментарий