воскресенье, 13 ноября 2016 г.

Եթե ստանում եք ԴԱՀԿ-ից որոշումներ, սակայն տուգանքների մասին չեք իրազեկվել



Իմ վստահորդը ստացել էր ԴԱՀԿ ծառայության որոշումը՝ կատարողական վարույթ հարուցելու և գույքի, դրամական միջոցների վրա րագելանքի կիրառելու մասին որոշում։ Այս որոշմամբ վստահորդիս բանկային երկու հաշավեհամարների վրա արգելանք էր կիրառվել։

Այս որոշման համար հիմք էր եղել Ճանապարհային ոստիկանության գրությունը՝ վարչական ակտի անբողոքարկելի դառնալու և դրանով նախատեսված գումարը հարկադիր կարգով բռնագանձելու մասին։

Դիմելով դատարան, պնդեցինք և գործի փաստերով հաստատեցինք, որ ՃՈ կողմից կայացված վարչական ակտի մասին իմ վստահորդը պատշաճ կարգով չի իրազեկվել, հետևաբար, այն ուժի մեջ չի մտել (Վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգիրք 283 հոդված)։

Արդյունքում, վարչական դատարանը, դատավոր Կարեն Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարել է հայցը և ճանաչել է  հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը, իսկ արգելանք դնելու մասով՝ որոշումը վերացրել է։

Այսպիսով, բոլոր այն քաղաքացիները, ովքեր պատշաճ չեն ծանուցվել և որոշումներ են ստանում ԴԱՀԿ ծառայությունից, կարող են դիմել մեզ։ 

Վարորդը տուգանվել էր՝ արագությունը գերազանցելու համար, սակայն դատարանը անվավեր ճանաչեց վարչական տույժի մասին որոշումը



Իմ վստահորդը այս տարվա փետրվարի 3-ին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տուգանվել էր արագությունը գերազանցելու համար։ Քաղաքացին ենթարկվել էր 6.000 դրամի չափով վարչական տուգանքի՝ 40 կմ/ժ առավելագույն արագության սահմանափակման պայմաններում 56 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։

Դիմելով դատարան՝ պահանջեցինք անվավեր ճանաչել ՃՈ որոշումը։ Պնդում էինք, որ
ճանապարհի այն հատվածում, որտեղով երթևեկել է իմ վստահորդը, առավելագույն արագություն սահմանող որևէ նշան առկա չի եղել, որպիսի պարագայում նա երթևեկել է բնակավայրում թույլատրված առավելագույն 60կմ/ժ արագությամբ:
Իմ վստահորդը ողջամտորեն չէր կարող տեղյակ լինել ճանապարհի այդ հատվածում 40 կմ/ժ առավելագույն արագության մասին, քանի որ ճանապարհի այդ հատված էր դուրս եկել բակային տարածքից։ Մինչդեռ վարորդի համար պետք է ակնհայտ լինի երթևեկության սահմանված արագության նշանը:

Այսպիսով, վարչական դատարանը, դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, բավարարել է հայցը և անվավեր է ճանաչել Ճանապարհային ոստիկանության վարչական տույժի մասին որոշումը։

Տես՝ Դատական գործ՝ ՎԴ/1466/05/16


Հերթական հաղթանակը․ վարչական տույժն անվավեր է ճանաչվել



Իմ վստահորդ-քաղաքացին այս տարվա մայիսի 28-ին  Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից տուգանվել է կանգառ կատարելու կանոնները խախտելու համար։

Դիմել ենք դատարան՝ հիմնավորելով, որ ՃՈ որոշումը անօրինական է, չի բխում գործող օրենսդրության պահանջներից հետևյալ պատճառաբանությամբ և հիմնավորմամբ․

Այսպես,  ՃՈ որոշման մեջ հստակ չի երևում այն հանգամանքը, որ քաղաքացու կողմից ՀՀ Կառավարության 2007թ.-ի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված ճանապարհային կոնկրետ որ նշանի պահանջը չի կատարվել։ Ինչի մասին իր դիրքորոշումն է հայտնել նաև ՀՀ վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1782/05/14 որոշմամբ, որում մասնավորապես ասված է, որ «տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտը չի պարունակում գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, քանի որ որոշմամբ միայն նշված՝ «կանգառ է կատարել կանգառն արգելված վայրում», որևէ կերպ չի բացահայտում իրավախախտման էությունը, և նման ձևակերպմամբ վարչական ակտի ընդունումը մասնավորապես և առաջին հերթին, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի հետևյալ դրույթին՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։

Վարչական դատարանը, դատավոր Հրաչյա Այվազյանի նախագահությամբ, իմ վստահորդի հայցն ընդդեմ Ճանապարհային ոստիկանության բավարարել է՝  անվավեր ճանաչելով նրա նկատմբաբ կիրառված վարչական տույժը:

Տես՝ Դատական գործ՝ ՎԴ/4975/05/16