вторник, 28 июня 2011 г.

Դատավորը տեղյակ չէր ՀՀ "Քաղաքացիական դատավարության օրենսգրքի" փոփոխություններին

  Սույն թվականի մայիսի 18-ին  որպես գործով կողմ չհանդիսացող անձ ներկա գտնվելով մի գործով դատական նիստի և տեղից ընդամենը երկու բառ ասելով` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Ասլանյանի կողմից անօրինականորեն ենթարկվեցի դատական սանկցիայի: Եվ չնայած այն հանգամանքին, որ դատավորը դրանով ի ցույց դրեց իր անկողմականլ չլինել, քանզի նիստին ներկա այլ անձինք, որոնք նույնպես արտահայտվեցին տեղից, չենթարկվեցին նման պատասխանատվության, դատարանի այդ որոշումը հետագայում բեկանվեց, անօրինական լինելու պատճառով: Իսկ հետևությունը, որ կարելի է անել հետևյալն է` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վ. Ասլանյանը տեղյակ չէր ՀՀ "Քաղաքացիական դատավարության օրենսգրքի" 115-րդ հոդվածի փոփոխություններին և դեռ անհայտ է, թե քանի ՀՀ քաղաքացի, ով ներկա է գտնվել դատական նիստին և տեղից երկու բառ ասելելով, ենթարկվել է դատական տուգանքի նման անօրինական որոշումներով:
   Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ դատավոր չկիրառեց դատական սանկցիայի մյուս տեսակները (նախազգուշացում կամ նիստերի դահլիճից հեռացնելը) իմ նկակմամբ, ինչի իրավունքն ուներ: 
   Դե ինչ պարոն դատավոր, Ձեր բախտը չբերեց: Դուք անօրինական որոշում կայացրեցիք ոմն իրավաբան Գ. Սլոյանի նկատմամբ,  իսկ այդ իրավաբանը սիրում է ուշադիր կարդալ օրենքները և ձեր որոշումը բողոքարկելով, ծանոթացրեց Ձեզ օրենքի փոփոխություններին:
Բայց սա դեռ վերջ չէ, իմ կողմից մի անակնկալ էլ է Ձեզ սպասվում: Ձեզ համբերություն ...

    
   P.S. Հարգելի ընթերցող, այս գործի բոլոր փաստաթղթերը կարող եք ներբեռնել այստեղ:







суббота, 11 июня 2011 г.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ արդարադատության խորհուրդը քննարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Սույն գործի փաստերը հանգում էին նրան, որ 10.11.2010թ.-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանի նույն օրվա որոշմամբ քննիչի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «միջնորդություն հարուցած անձի կողմից ներկայացված հիմնավորումները անհիմն են և չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից: Այսինքն՝ քննիչի կողմից Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու բավարար հիմքեր չեն ներկայացվել դատարան:»:
Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: 30.11.2010թ.-ին վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանը վերաքննիչ բողոքը բավարարել է և իր որոշման մեջ ի թիվս այլի նշել է, որ առկա է հիմնավոր կասկած, որ Վ.Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, քանի որ քննիչ Հ. Սարգսյանը հայտնել է, որ տուժողն իրեն բանավոր ասել է, որ մեղադրյալը զանգահարել և անհանգստացրել է իրեն, մասնավորապես, մեղադրյալը զանգահարել և ասել է, որ իրեն հանի այս պատմությունից և այլն: Այս ամենի վրա հիմնվելով վերաքննիչ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:
Արդյունքում Արդարադատության խորհուրդը դատավորին պարզաբանել է, որ անձի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորված է ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ միջազգային և ներպետական իրավական ակտերով, ուստի անձին ազատությունից զրկելը պետք է լինի պատճառաբանված:

Արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին հայտարարել նկատողություն՝ զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

Այս գործին կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղակագրի 25.05.2011 թվականի թիվ 29 (832) համարում: