суббота, 25 декабря 2010 г.

ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ԵՎ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ (CCBE) ՆԱՄԱԿԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ


15.12.2010

 
Բրյուսել, 3 դեկտեմբերի, 2010

Փաստաբանների մոտ ՀԴՄ-ներ տեղադրելու մասին

Հարգելի պարոն վարչապետ,

Դիմում եմ Ձեզ Եվրոպայի փաստաբանների պալատների և միությունների խորհրդի (CCBE) անունից, որն իր անդամ հանդիսացող փաստաբանների պալատների և միությունների միջոցով ներկայացնում է մոտ մեկ միլիոն եվրոպական փաստաբանների 31 անդամ պետություններից: Եվրամիության երկրների փաստաբանների պալատներից բացի CCBE-ն ունի նաև ոչ լիիրավ անդամներ և դիտորդներ 11 այլ եվրոպական երկրների փաստաբանների պալատներից:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը CCBE-ի ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ում փաստաբանների իրավական կարգավիճակի մասին քննարկումներին և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» 2004թ.-ի նոյեմբերի 22-ի ՀՀ օրենքի շուրջ զարգացումներին:

Մեզ տեղեկացրել են, որ ՀՀ օրենսդրության համաձայն, փաստաբանական գործունեությունը դիտարկվում է որպես զուտ առևտրային բնույթի գործունեություն:

Մինչ կոնկրետ փաստարկներ ներկայացնելը, CCBE-ն ցանկանում է շեշտել, որ փաստաբանները հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև օրենքի գերակայության սկզբունքի պաշտպաններ են: Կենսական դեր ունենալով արդարադատության իրականացման և օրենքի գերակայության պաշտպանության գործում, փաստաբաններն ապահովում են ժողովրդավարական հասարակության կարևորագույն հիմքերը: Փաստաբանների դերը հասարակության մեջ միանշանակ ճանաչվել է փաստաբանական գործունեության ազատության մասին Եվրախորհրդի թիվ R (2000) 21 հանձնարարականում (25 հոկտեմբերի, 2000թ.), ինչպես նաև Փաստաբանների դերի վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներում (14 դեկտեմբերի, 1990թ.):

Փաստաբանների վրա տարածվում են այնպիսի առանցքային արժեքներ, ինչպիսիք են անկախությունը, կոնֆլիկտների բացակայությունը, ազնվությունը և մասնագիտական գաղտնիքի պահպանումը: CCBE-ն ցանկանում է շեշտել այս առանցքային արժեքների և պարտավորությունների կարևորությունը, որոնք կարող են դիտարկվել որպես արդարադատության մատչելիությանը և օրենքի գերակայությանը հասնելու միջոցներ: Փաստաբաններին վերաբերող ցանկացած նախաձեռնություններ ընդունելիս, օրենսդիրները ողջ Եվրոպայում պաշտպանում են այդ արժեքները/պարտավորությունները: Կարևոր է նշել, որ փաստաբաններին վերաբերող կանոնները նպատակ ունեն պաշտպանելու ոչ թե փաստաբանների, այլ նրանց վստահորդների իրավունքներն ու արտոնությունները` արդարադատության արդյունավետ մատչելիության և իրավական կարգ ու կանոնի շահերից ելնելով:

Մեզ տեղեկացրել են նաև «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» 2004 թ.-ի նոյեմբերի 22-ի ՀՀ օրենքում (այսուհետ` «Օրենք») փոփոխություններ կատարելու նախագծի մասին: Հոդված 4-ում առաջարկվող փոփողությունների համաձայն, ձեռնարկատերերը, այդ թվում` փաստաբաններն ու նոտարները, պարտավոր են հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառել կանխիկով և քարտով ստացված վճարումների համար: Օրենքը նաև պատասխանատվություն է նախատեսում հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրելու և օգտագործելու պահանջը չկատարելու համար` տուգանքից մինչև գործունեության անժամկետ կասեցում:

CCBE-ն ցանկանում է ներկայացնել իր նկատառումները ՀԴՄ-ների և փաստաբանների հետ կապված երեք առանձին խնդիրների վերաբերյալ:

- ՀԴՄ-ների կիրառում

Ձեզ հետաքրքիր կլինի իմանալ, որ CCBE-ն խորհրդակցել է իր անդամ փաստաբանների պալատների և միությունների հետ ու պարզել է, որ ոչ մի եվրոպական երկրում փաստաբանները ՀԴՄ-ներ չեն կիրառում:

ՀԴՄ-ները կիրառվում են միայն առևտրային գործունեության մեջ, օրինակ` սուպերմարկետներում, բայց ոչ մասնագիտական (ծառայությունների մատուցման) ոլորտում: Ինչպես արդեն նշվել է, փաստաբանները հատուկ դեր ունեն հասարակության մեջ. արդարադատության իրականացման գործում նրանց դերի պատճառով նրանց ծառայությունները չպետք է համեմատվեն սովորական առևտրային գործունեության հետ:.

- Փաստաբանների հաշիվներ և հարկային հայտարարագրեր

CCBE-ի քննարկումներն անդամների հետ ցույց են տվել, որ փաստաբանները գրանցում են իրավաբանական ծառայություններից ստացած իրենց եկամուտներն ու ծախսերը: Գրեթե բոլոր եվրոպական երկրներում փաստաբանները պարտավոր են իրենց եկամուտները հայտարարագրել համապատասխան մարմիններում: Հարկային հայտարարագրերը սովորաբար ներկայացվում են տարեկան կտրվածքով: Իրավաբանական ծառայությունների նկատմամբ կիրառվում է ավելացված արժեքի հարկ, որի դեպքում փաստաբանները պարտավոր են համապատասխան հայտարարագրեր ներկայացնել որոշակի պարբերականությամբ: Հայտարարագրերում կամ ստացականներում (որոնք որոշ դեպքերում պետք է կցվեն հայտարարագրերին) տեղ գտած տեղեկությունները տարբերվում են երկրից երկիր: Սակայն, անկախ նրանից, թե հարկման ինչ ռեժիմ է գործում, հիմնարար սկզբունքն այն է, որ բոլոր փաստաբաններն իրավունք ունեն և պարտավոր են պահպանել իրենց վստահորդների գործերի գաղտնիությունը և հարգել մասնագիտական գաղտնիությունը: Այս սկզբունքը պետք է պահպանվի բոլոր պարագաներում: Դա բխում է արդարադատության իրականացման, ինչպես նաև վստահորդի շահերից: Եվրախորհրդի վերոհիշյալ` թիվ R (2000) 21 հանձնարարականում գաղտնիությունը ճանաչվում է որպես փաստաբանի առաջնային և հիմնարար իրավունք և պարտականություն: «Փաստաբանները պետք է հարգեն մասնագիտական գաղտնիությունը` ներպետական օրենսդրության, կանոնների և մասնագիտական չափանիշների համաձայն: Առանց վստահորդի համաձայնության գաղտնիության որևէ խախտում պետք է պատժվի համապատասխան պատժամիջոցներով» (Սկզբունք III, 2): Ավելին, Փաստաբանների դերի վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներում նշված է, որ «պետությունները պետք է ընդունեն, որ փաստաբանների և վստահորդների միջև մասնագիտական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցող բոլոր հաղորդակցությունները և քննարկումները գաղտնի են, և պետք է հարգեն այդ սկզբունքը» (Սկզբունք 22): Եվրոպական փաստաբանների առանցքային սկզբունքների մասին CCBE-ի խարտիան նույնպես անդրադառնում է վստահորդների գործերը գաղտնի պահելու և մասնագիտական գաղտնիությունը հարգելու փաստաբանների իրավունքի և պարտականության մասին:.

- Գործունեության կասեցում

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Օրենքը հարկային մարմիններին թույլ է տալիս որոշակի ժամկետով կասեցնել փաստաբանի գործունեությունը, եթե նա կանխիկ գումար քամ քարտով վճարումներ ստանալու համար համապատասխան մեքենա չունի կամ այն չի օգտագործում: Գործունեության կասեցման հետ մեկտեղ նա ենթարկվում է նաև տուգանքի:

Մեր կարծիքով, նման դրույթը կարող է լուրջ հետևանքներ ունենալ արդարադատության իրականացման համար:

Նախ և առաջ, CCBE-ն ցանկանում է Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ փաստաբանների պալատները և միությունները անկախ մարմիններ են, որոնք պատասխանատու են փաստաբանների գործունեությունը կարգավորելու և կազմակերպելու համար: Սա է Եվրոպայում փաստաբանական գործունեության առանձնահատկությունը: Դա նշանակում է, որ, սովորաբար, փաստաբանների պալատը միակ մարմինն է, որ կարող է արգելել կամ կասեցնել փաստաբանի գործունեությունը: Հայաստանի օրենսդիրը կարծես թե անտեսում է փաստաբանների պալատների և միությունների դիրքը արդարադատության համակարգում: Այս համատեքստում CCBE-ն ցանկանում է նաև հղում կատարել Եվրախորհրդի թիվ R (2000) 21 հանձնարարականին, որի համաձայն «Փաստաբանների միությունները ... պետք է ինքնիշխան մարմիններ լինեն, որոնք անկախ են իշխանություններից և հանրությունից» (Սկզբունք V, 2): ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները նույնպես ճանաչում են մասնագիտական միությունների դերն ու կարևորությունը հասարակության մեջ:

Երկրորդ. CCBE-ն ցանկանում է ընդգծել, որ փաստաբանական գործունեության ցանկացած կասեցում կարող է լուրջ հետևանքներ ունենալ արդարադատության իրականացման համար, քանի որ վստահորդները մնում են առանց փաստաբանի կողմից պատշաճ օգնության և շահերի պաշտպանության: Հնարավոր է, որ իշխանությունները չեն գիտակցում փաստաբանների նկատմամբ Օրենքի նախագծի կիրառման հետևանքները: Ցանկանում ենք նշել, որ Եվրոպայում ընդունված է, որ այն դեպքերում, երբ փաստաբանին արգելում են գործել իր վստահորդի համար (անկախ այն բանից, թե արգելքն ինչով է պայմանավորված), վստահորդի շահերի պաշտպանությունը կազմակերպվում է փաստաբանների պալատների կամ միությունների կողմից: CCBE-ի կարծիքով, առաջարկվող փոփոխությունները հակասում են փաստաբանների միջոցով վստահորդների շահերի «արդյունավետ» պաշտպանության սկզբունքին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը երաշխավորում է արդար դատավարության իրավունքը, որի մեջ մտնում է նաև յուրաքանչյուր մարդու` գործնական և արդյունավետ (այլ ոչ թե զուտ տեսական և թվացյալ) իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից առաջինն այն է, որ յուրաքանչյուր ոք ունի իր նախընտրած փաստաբանի կողմից քրեական դատավարության բոլոր փուլերում պաշտպանված լինելու իրավունք:

CCBE-ն ցանկանում է նաև հղում կատարել Եվրախորհրդի թիվ R (2000) 21 հանձնարարականին, համաձայն որի « ... փաստաբանների կողմից մասնագիտական գործունեությունից ձեռնպահ մնալը չպետք է վնասի վստահորդների կամ փաստաբանների ծառայությունների կարիք ունեցող այլ անձանց շահերին»: ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից III և XVI սկզբունքների համաձայն, պետությունը պարտավոր է ապահովել իրավաբանական ծառայությունների արդյունավետ և հավասար մատչելիությունը բոլորի համար` առանց հետապնդվելու, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցի ենթարկվելու կամ դրանց սպառնալիքի` ընդունված մասնագիտական պարտականությունների, չափանիշների և էթիկայի կանոնների շրջանակներում որևէ գործողության համար:

Երրորդ. պետք նշել, որ փաստաբանից երբեք չի կարելի պահանջել մասնագիտական գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն:

CCBE-ն Ձեզ կոչ է անում քննության առնել այս նկատառումները:.

CCBE-ն պատրաստ է լրացուցիչ ներդրում ունենալ այս քննարկման մեջ կամ մասնակցել այս թեմայով համապատասխան հանդիպման, եթե դա կարող է օգտակար լինել:

Հարգանքներով,
Խոսե-Մարիա Դավո-Ֆերնանդես
CCBE-ի նախագահ

суббота, 27 ноября 2010 г.

We share

Ղարաբաղյան հիմնահարցը և օկուպացիան միջազգային իրավունքում

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու We Share հանդիպումների շարքի շրջանակներում կազմակերպվող «Վաղվա իրավունքի ուրվագծերը. հայացք Հայաստանից և Հայաստանին» շարքի չորրորդ դասախոսությանը` «Ղարաբաղյան հիմնահարցը և օկուպացիան միջազգային իրավունքում» թեմայով: Բանախոսն է Մասքի ծրագրի շրջանավարտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Լևոն Գևորգյանը:
  • Ժամ. 18:30
  • Ամսաթիվ. դեկտեմբերի 06, 2010, երկուշաբթի
  • Երկիր. Հայաստան
  • Քաղաք. Երևան
  • Վայր. կհայտարարվի գրանցված մասնակիցներին
  • Գրանցվելու վերջնաժամկետ. դեկտեմբերի 01, 2010
  • Ինչպես գրանցվել. տե՛ս սույն հայտարարության վերջին պարբերությունը
Սեմինարը նվիրված է լինելու արցախյան հակամարտության մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հերքմանը: Մասնավորապես, կքննարկվեն օկուպացիայի չափանիշները միջազգային իրավունքում և ցույց կտրվի թե ինչու դրանք կիրառելի չեն Արցախի պարագայում, կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության` ագրեսոր լինելու վերաբերյալ ադրբեջանի մեղադրանքներն ու զինադադարի խախտումները որպես «ինքնապաշտպանություն» որակելու Ադրբեջանի փորձերը: Սեմինարի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հիմնախնդրին և «սեցեսիան որպես պաշտպանության միջոց» (remedial secession) դոկտրինին:
Լևոն Գևորգյանը ասպիրանտ է Երևանի պետական համալսարանում (պատրաստում է թեկնածուական աշխատանք «Տարածքային վեճերի միջազգային իրավական կարգավորման արդի հիմնախնդիրներ» թեմայով), ունի մագիստրոսի կոչում (LL.M. degree) ԱՄՆ-ի «Վաշինգտոնի իրավաբանական քոլլեջից» (Washington College of Law, American University) և մագիստրոսի ու բակալավրի կոչումներ Երևանի պետական համալսարանից:
ԱՄՆ-ում սովորելու ժամանակահատվածում աշխատել է ՄԱԿ-ի քարտուղարության իրավական գործերի գրասենյակի կոդիֆիկացիայի բաժնում (Codification Division of the UN Office of Legal Affairs) ևPublic International Law and Policy Group հասարակական կազմակերպությունում: Նախքան ուսումն ԱՄՆ-ում աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունում: Այժմ աշխատում է Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակում:
Այս դասախոսությանը մասնակցելու համար խնդրում ենք 1-3 տողի սահմաններում Artsakh վերնագրով անգլերեն կամ հայերեն լեզուներով նամակ ուղարկել meetings@usaaa.am էլ. փոստի հասցեին։ Այլվերնագրով նամակները կջնջվեն և դրանց հեղինակները հանդիպմանը չեն կարողանա մասնակցել: Հետևաբար խնդրում ենք անպայման որպես նամակի վերնագիր նշել միայն Artsakh բառը և այդնամակն ուղարկել միայն meetings@usaaa.am։ Հանդիպման մանրամասները կուղարկվեն մինչև 2010թ. դեկտեմբերի 01-ը գրանցված մասնակիցներին։
http://usaaa.am/am-events-2-48-more.html