среда, 13 июля 2011 г.

ՀՀ ՓՊ խորհրդի 08.07.2011թ. "ՀՀ ԱԽ կողմից դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման հնարավոր բացասական հետևանքների մասին" թիվ 14/5-Լ որոշում

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի
խորհրդի 08.07.2011թ. 14-րդ նիստի
 ՈՐՈՇՈՒՄ թիվ  14/5-Լ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդը,  քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կողմից դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշման հնարավոր բացասական հետևանքների հարցը.
ՈՐՈՇԵՑ`
հանդես գալ հետևյալ հայտարարությամբ.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է արդարադատության խոր ճգնաժամ, որը առավել ցայտուն է դրսևորվում քրեական դատավարություններում, որտեղ դատարաններն ընդգծված մեղադրական ուղղվածություն են որդեգրել: Նշվածը արտահայտվում է ինչպես դատավճիռների ընդհանուր քանակի մեջ արդարացման դատավճիռների չնչին տոկոսով, այնպես էլ` նախաքննության ընթացքում առանց լուրջ հիմնավորումների, իսկ երբեմն նաև` առանց որևէ հիմնավորման, մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելով: Գրեթե ամենուրեք և համարյա բոլոր դեպքերում դատարաններն ընդունում են մեղադրանքի (հետաքննիչների, քննիչների, դատախազների) կողմը, մրցակցային դատավարությունը վերածելով մի անարդար մրցության, որտեղ մի կողմում մեղադրյալն է իր պաշտպանի հետ, իսկ մյուս կողմում` դատախազը (քննիչը, հետաքննիչը)` դատավորի հետ միասին:
Չնայած, որ ավելի քան մեկ և կես տասնամյակ առաջ մեկնարկած դատաիրավական բարեփոխումների կարգախոսն էր` արդարադատության բնագավառում խորհրդային ժառանգությունից ձերբազատվելը, դատավարությունը մրցակցային դարձնելը, այնուամենայնիվ, չնայած զանգվածային օրենսդրական փոփոխությունների, քրեական դատավարությունը մրցակցային դարձնելու առումով նկատելի փոփոխություններ չեն արձանագրվել: Ինչպես և նախկինում, ներկայումս էլ դատարանները գտնվում են մեղադրանքի բևեռում, պաշտպանությունը վերածելով ձևականության, իսկ դատավարությունը` արդարադատություն իրականացնելու պատրանքի: Պալատի խորհրդի գնահատմամբ, դատաիրավական և հատկապես` քրեական դատավարության ասպարեզում իրականացված ՙբարեփոխումները՚ արդարադատությունը չեն մոտեցրել ցանկալի նպատակի:
 Վերլուծելով գոյություն ունեցող այս ճգնաժամի պատճառները, Պալատի խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ դրանում մեծ է Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի որդեգրած քաղաքականության բացասական դերը:
ՀՀ Արդարադատության խորհուրդը, որը ՀՀ Սահմանադրությամբ, ի թիվս այլի, դատավորներին կարգապահական պատաuխանատվության ենթարկելու և Հայաստանի Հանրապետության Նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մաuին առաջարկ ներկայացնելու լիազորություններ ունի, իր այդ լիազորություններն օգտագործելիս խտրական մոտեցում է դրսևորում, և այդ մոտեցումը թելադրում ամբողջ դատական համակարգին: Ստեղծված արատավոր պրակտիկայի համաձայն, դատավորը, որն ակնհայտ և կոպիտ սխալ է թույլ տալիս ի վնաս մեղադրյալի, որպես կանոն, չի ենթարկվում որևէ պատասխանատվության, ծայրահեղ դեպքերում` աննշան տույժի է ենթարկվում: Մինչդեռ դատավորը, որը (Արդարադատության խորհրդի կարծիքով) սխալվել է հօգուտ մեղադրյալի, անմիջապես ենթարկվում է ամենալուրջ պատժամիջոցների, ընդհուպ` այդ դատավորի լիազորությունները դադարեցնելու առաջարկ է ներկայացվում Հանրապետության Նախագահին: Ակնհայտ է, որ նման մոտեցումը հուշում է դատավորներին, որ` կարգապահական պատասխանատվությունից զերծ մնալու և զբաղեցրած պաշտոնը չկորցնելու համար, ցանկացած կասկածելի իրավիճակում գերադասելի է գործել ի վնաս մեղադրյալի:
Այսպես, առկա են հարյուրավոր օրինակներ, երբ դատավորները որոշումներ են կայացրել` քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալին կալանքի վերցնելու մասին, չբերելով որևէ հիմնավորում: Այդպիսի` բացարձակապես չպատճառաբանված որոշումներ են, օրինակ`
-   Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ.Խալաթյան)` քրեական գործը դատական քննության նշանակելու մասին 02.09.2010 թվականի որոշումը, որում նշված է` ՙՀաշվի առնելով Կարեն Շավարշի Ալեքսանյանին վերագրվող արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, նրա անձը, և որ նա ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել քրեական գործի դատաքննությանը, ուստի նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը ՙՍտորագրություն չհեռանալու մասին՚ պետք է փոխել ՙԿալանավորմամբ՚՚: Ուշագրավ է, որ խոսքն տվյալ որոշման մեջ գնում է մեղադրյալի մասին, որի նկատմամբ նախաքննության ժամանակ որպես խափանման միջոց ընտրված է եղել չհեռանալու մասին ստորագրությունը և որը այդ խափանման միջոցի պայմանները չի խախտել և նման փաստ դատարանի որոշման մեջ հիշատակված չէ:
-  Նույն դատարանի նույն դատավորի կողմից 16.11.2009 թվականին կայացված որոշումը, որում նշված է` ՙԴատարանը, քննարկելով մեղադրյալ Մ.Մանուկյանի պաշտպան Ա.Զաքարյանի միջնորդությունը իր պաշտպանյալ Մ.Մանուկյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարելու և իր պաշտպանյալին համապատասխան վճարի կամ գույքի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ, գտնում է, որ այն ենթակա է մերժման, իսկ գրավի կիրառումը, որպես այլընտրանքային խափանման միջոց` անթույլատրելի՚:
-  Թիվ ԵԱՆԴ 0085/01/10 քրեական գործի ըստ էության քննության ընթացքում, քննարկելով ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու հարցը, դատարանը (նախագահությամբ Ս.Ուզունյանի) միջնորդությունը մերժել է, պատճառաբանելով, որ ՙմիջնորդությունը ենթակա է մերժման, նկատի ունենալով, որ հիմնավոր կասկածներ կան Դ.Ենգոյանի կողմից նման հանցագործություններ կատարելու մեջ, ինչպես նաև հաշվի առնելով գործի բնույթը և Դ.Ենգոյանի կողմից կատարված հանցագործությունների ծանրությունը՚:
- Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Վ.Ասլանյան) 25.06.2011 թվականի որոշման մեջ, որպես մեղադրյալին կալանավորելու հիմնավորում, նշված է` ՙԼսելով քննիչին, մեղադրյալին, պաշտպանին, որը միջնորդեց քննիչի միջնորդությունը մերժել` անհիմն լինելու պատճառով, ծանոթանալով միջնորդությանը կից ներկայացված նյութերին, հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը, ինչպես նաև այն, որ ազատության մեջ մնալով մեղադրյալը կարող է քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, դատարանը եկավ այն համոզման, որ միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման՚:
- Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ն.Հովակիմյան) 18.03.2011 թվականի որոշումը, որում` որպես անձին կալանքի վերցնելու պատճառաբանություն նշված է` ՙՀաշվի առնելով Կարեն Սարուխանյանին մեղսագրվող արարքի վտանգավորության աստիճանը և այն, որ ազատության մեջ մնալով հնարավոր է խոչընդոտի նախաքննությանը, գործով վկաների վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով, դատարանը գտավ, որ քննիչի միջնորդությունը պետք է բավարարել, իսկ պաշտպանական կողմի միջնորդությունը գրավ կիրառելու մասին պետք է մերժել կալանքը բավարարելու հիմնավորումներով՚:
-  Նույն դատավորը 25.03.2011 թվականին, քննության առնելով մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը, որպես քննիչի միջնորդությունը բավարարելու և միաժամանակ` գրավ կիրառելու մասին պաշտպանի միջնորդությունը մերժելու հիմք, նշել է` ՙԼսելով քննիչի հիմնավորումները, պաշտպանի առարկությունները, դատարանը գտավ, որ միջնորդությունը հիմնավոր է և այն պետք է բավարարել, քանի որ Կարապետ Դանիելյանին կալանքի տակ պահելու հիմքերը դեռևս չեն վերացել: Կարապետ Դանիելյանը հայտնվելով ազատության մեջ, կարող է խուսափել նախաքննական մարմնից կամ դատաքննությունից: Հետևաբար` պաշտպանի միջնորդությունը` կալանքը գրավով փոխելու մասին, պետք է մերժել՚:
- Նույն դատավորը, նույն օրը քննելով քննիչի մեկ այլ նույնանման միջնորդություն մեկ այլ մեղադրյալի վերաբերյալ, այդ միջնորդությունը բավարարել է, նշելով` ՙԼսելով քննիչի հիմնավորումները, պաշտպանի առարկությունները, դատարանը գտավ, որ միջնորդությունը հիմնավոր է և այն պետք է բավարարել, քանի որ Սլավիկ Մխիթարյանին կալանքի տակ պահելու հիմքերը դեռևս չեն վերացել: Ազատության մեջ մնալով նա կարող է թաքնվել քննությունից կամ դատաքննությունից՚:
Պալատի խորհրդի տրամադրության տակ գտնվող` ի վնաս մեղադրյալների կայացված ակնհայտ անհիմն որոշումների ցուցակը կարելի է շարունակել տասնյակ էջերի վրա: Հատկանշական է, որ նման որոշումների կայացումը այն կայացնող դատավորների համար որևէ բացասական հետևանք, մասնավորապես` կարգապահական պատասխանատվության ձևով, չի առաջացրել:
 Նման պայմաններում անբացատրելի է ՀՀ Արդարադատության խորհրդի 24.06.2011 թվականի թիվ ԱԽ-13-Ո-17 որոշումը, որով այդ մարմինը դիմել է Հանրապետության Նախագահին` Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: ՀՀ Արդարադատության խորհուրդը իր այդ որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ` ՙԱռանց որևէ պատճառաբանության դատական ակտ կայացնելով` դատավոր Ս.Մնացականյանն իր վարքագծով խաթարել է կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի արդարության հանդեպ: Դրա արդյունքում արդարադատությունը ոչ միայն չի իրականացվել, այլև չի եղել տեսանելի և համոզիչ, չի ընկալվել որպես արդարադատության հաստատում՚:
Պալատի խորհուրդն այս կապակցությամբ հիշեցնում է, որ դատավոր Սամվել Մնացականյանի ՙառանց որևէ պատճառաբանության կայացված՚ դատական ակտով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինվել էր գրավով, որի արդյունքում մեղադրյալն ազատվել էր կալանքից: Որոշ ժամանակ անց հաստատվել էր այդ մեղադրյալի անմեղությունը և նախաքննական մարմնի կողմից նրա նկատմամբ քրեական  հետապնդումը դադարեցվել էր: Համադրելով վերը նշված փաստերը, Պալատի խորհուրդը գտնում է, որ չպատճառաբանված դատական ակտ կայացրած  դատավոր Սամվել Մնացականյանի նկատմամբ ՀՀ Արդարադատության խորհրդի այդ աստիճան խիստ վերաբերմունքի միակ բացատրությունը պետք է փնտրել նրանում, որ` ի տարբերություն վերևում նշված ակնհայտ անհիմն ու չպատճառաբանված որոշումներ կայացրած դատավորների, որոնց որոշումների արդյունքում անձինք զրկվել են ազատությունից, տվյալ դեպքում դատավորը (Սամվել Մնացականյանը) սխալվել է հօգուտ մեղադրյալի:
Պալատի խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ Արդարադատության խորհրդի նման մոտեցումները արմատապես հակասում են իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին: Մասնավորապես, ՀՀ Արդարադատության խորհրդին պետք է որ հայտնի լինի մի շարք վճիռներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումը, կապված անձին կալանքի վերցնելու և անձին կալանքից ազատելու մասին որոշումների պատճառաբանվածության չափանիշների հետ: Մասնավորապես, ՙՄարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին՚ Եվրոպական Կոնվենցիայի պահանջներից բխում է, որ ներպետական իրավասու մարմինները պետք է հիմնավորեն ոչ թե անձին ազատության մեջ թողնելու, այլ` նրան ազատազրկելը: Այսպես, օրինակ, Պոլանսկին ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական Դատարանը նշել է` ՙԿանխավարկածը միշտ ազատ արձակելու օգտին է: … Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, երբ պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր` նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար՚: (տես` այն աղբյուրների թվում` Կստրավետն ընդդեմ Մոլդովայի No 23393/03 գործով վճիռը, ՄաքԿեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Մեծ Պալատ] No 543/03 գործով վճիռը, Յաբլոնսկին ընդդեմ Լեհաստանի No 33492/96 գործով վճիռը)
Մեղադրյալին նախնական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հիմնավորելու պարտականությունը դրված է նախաքննությունն իրականացնող

մարմնի և դատախազության վրա, որոնք դատարանին ներկայացնում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն: Ներկայացնելով միջնորդություն, քրեական վարույթն իրականացնող մարմինները և միայն նրանք կրում են ապացուցման պարտականություն` համոզելու դատարանին, որ անձի` կալանքի տակ մնալն անհրաժեշտություն է: Ի դեպ, դատավոր Սամվել Մնացականյանի կողմից գրավի կիրառման հարցը քննելիս նույնիսկ մեղադրող կողմը չի առարկել գրավի կիրառման դեմ, այսինքն` հրաժարված է եղել անձին կալանքի տակ պահելը շարունակելու անհրաժեշտության իր սեփական դիրքորոշումից:
Դատավոր Սամվել Մնացականյանի գործն առավել ցայտուն կերպով ցույց է տալիս Հայաստանում իրավունքի գերակայության սկզբունքի արմատավորման հարցում ՀՀ Արդարադատության խորհրդի ապակառուցողական դերը:
Պալատի խորհուրդը, նախքան այս եզրակացություններին հանգելը, համադրել է տվյալ դատավորի նկատմամբ ՀՀ Արդարադատության խորհրդի կողմից դրսևորված մոտեցումը մեղադրյալների իրավունքները ոտնահարող բազմաթիվ աղաղակող խախտումների դեպքում նույն Արդարադատության խորհրդի անտարբեր մոտեցման հետ: Իրավաբանների հանրությանը քաջ հայտնի է դեպք, երբ առաջին ատյանի դատարանի դատավորը մեղադրական դատավճիռը հիմնավորել է հետևյալ կերպ` ՙԴատարանը գնահատական տալով Գուրգեն Տավարածյանի, Կարեն Անտոնյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տված հակասական ցուցմունքներին, գտնում է, որ իրականում հետաքննության մարմնի կողմից բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար՚ և դատավճիռն ուժի մեջ է թողնվել ինչպես Վերաքննիչ, այնպես էլ` Վճռաբեկ դատարանների կողմից: Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին պաշտպանի գրավոր պահանջները մերժվել են այն ստանդարտ պատճառաբանությամբ, որ ՙԴատավորը արդարադատություն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին՚: Միայն այն բանից հետո, երբ Եվրոպական Դատարանը այդ գործով ի վնաս Հայաստանի Հանրապետության վճիռ կայացրեց (Միշա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործը), առաջին ատյանի դատավորը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության` խիստ նկատողության, սակայն պահպանեց իր պաշտոնը, իսկ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների դատավորները որևէ պատասխանատվություն չկրեցին: Համադրելով խախտման մասշտաբը և հետևանքները այդ խախտման հեղինակ դատավորների պատասխանատվության հետ դժվար չէ ևս մեկ անգամ համոզվել, որ այդ` խայտառակ խախտման նկատմամբ Արդարադատության խորհրդի հանդուրժողական վերաբերմունքի պատճառը միայն այն էր, որ դատավորները սխալվել էին ի վնաս մեղադրյալի:
Հատկանշական է նաև այն փաստը, որ ՀՀ Արդարադատության խորհրդի հիշյալ որոշման մեջ տեղ է գտել գրավի կիրառումն ընդհանրապես բացառող հետևյալ ձևակերպումը. ՙՄինչդեռ Դատարանն իր` 30.05.2011 թվականի որոշմամբ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելիս որևէ ձևով չի պատճառաμանել նման եզրահանգման գալը: Դատարանը չի մատնանշել որևէ փաստական հանգամանք, որը հնարավորություն կտար հանգել հետևության այն մասին, որ 30.04.2011 թվականի որոշմամբ արձանագրված և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացել են՚:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոցն է և կարող է կիրառվել միայն այն պարագայում, երբ անձի նկատմամբ արդեն իսկ կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց, ուստիև առկա են կալանավորումը կիրառելու համար անհրաժեշտ հիմքերը: Եթե նման հիմքեր չկան կամ դրանք վերացել են, անձի նկատմամբ չեն կարող կիրառվել ոչ կալանավորումը, ոչ գրավը:
Վերը նշված փաստերի հիման վրա ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդն ամրապնդվում է իր այն համոզման մեջ, որ դատական համակարգի ներկայից ճգնաժամը մեծապես և որոշիչ չափով պայմանավորված է ՀՀ Արդարադատության խորհրդի խտրական մոտեցումներով, երբ դատավորի թույլ տրված սխալը պատժվում է կամ մնում անպատիժ` կախված ոչ թե խախտման բնույթից, ծանրության աստիճանից և հետևանքներից, այլ նրանից, թե ում օգտին է դատավորը սխալվել: ՀՀ Արդարադատության խորհրդի այս դիրքորոշումը օրինաչափորեն ձևավորում է համապատասխան մոտեցումներ դատական համակարգի բոլոր օղակներում, ինչը չի նպաստում Հանրապետությունում օրինականության հաստատմանը:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը շեշտում է, որ սույն հայտարարությունն ուղղված չէ կոնկրետ մեկ դատավորի պաշտպանությանը: ՀՀ Արդարադատության խորհրդի, խնդրո առարկա որոշումը ևս կարևորվում է ոչ այնքան մեկ անհատ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու տեսանկյունից, որքան Հայաստանյան դատարանների հետագա գործունեության ուղղությունը կանխորոշելու տեսանկյունից:
ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը  ՀՀ Արդարադատության խորհրդի, ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ Նախագահի գիտությանն է հասցնում վերը նշված խնդիրը և հույս հայտնում, որ  խնդրի ճիշտ ընկալումը հնարավորություն կտա շտկելու ստեղծված իրավիճակը և կնպաստի Հանրապետությունում իրավունքի գերակայության սկզբունքի տարածմանն ու արմատավորմանը:


Պալատի նախագահ` Ռուբեն Սահակյան

вторник, 5 июля 2011 г.

ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբանների հայտարարությունը

2011թ. հունիսի 24–ին ՀՀ Արդարադատության խորհուրդը կայացրել է թիվ ԱԽ-13-Ո-17 որոշումը` դիմելով Հանրապետության Նախագահին Երևան քաղաքի Ավան և Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 01.06.2011թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի գրությունը:
Դատավոր Ս.Մնացականյանը 30.04.2010թ. որոշմամբ բավարարել է քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Ալբերտ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը: 30.05.2011թ. նույն դատավորը բավարարելով մեղադրյալի պաշտպանի միջնորդությունը, ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:
Ըստ Արդարադատության խորհրդի որոշման, դատավոր Ս.Մնացականյանը առանց պատճառաբանության անձի նկատմամբ կիրառել է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ և նրան ազատ արձակել:
Խստորեն դատապարտում ենք Արդարադատության խորհրդի նման գործելակերպը, որն ըստ էության արդեն իրականացնում է ինկվիզիտորի գործառույթներ:
Բացարձակապես համաձայն չլինելով Արդարադատության խորհրդի այն եզրահանգման հետ, որ դատավոր Ս.Մնացականյանը չի պատճառաբանել կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը, արձանագրենք, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ և’ կալանավորումը, և’ գրավը կիրառվում են միևնույն հիմքերի դեպքում, այն է` երբ վտանգ կա, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվողը կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ գործի քննության ընթացքում և եթե կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք հանդիսացած հանգամանքները վերացած լինեին, ապա այդ դեպքում բացարձակապես որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չէր լինի:
Ուշագրավ է այն փաստը, որ քրեական հետապնդման մարմինը` քննիչն ու դատախազը, չեն առարկել գրավի կիրառման դեմ, մինչդեռ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը որոշումը կայացնելուց երկու օր անց, դրսևորելով ակնհայտ շտապողականություն, գրությամբ դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամներ դատարանները մերժել են գրավի կիրառումը` ընդհանրապես որևէ կերպ չպատճառաբանելով նման որոշումները, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանը կամ Արդարադատության խորհուրդը երբևէ չեն անդրադարձել նման որոշումներ կայացրած դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրին:
Հարց է առաջանում նաև, թե Վճռաբեկ դատարանի նախագահը օրենքով իրեն վերապահված որ լիազորությունն իրականացնելիս է երկու օր անց տեղեկացել դատարանի կայացրած որոշման մասին, թե դա արվել է ex parte շփումների միջոցով:
Այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները վերջերս սկսել են հաճախ խոսել որպես խափանման միջոց գերակշիռ դեպքերում ընտրվող կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու, նույնիսկ այլընտրանքային խափանման միջոցների նոր տեսակներ սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ, Արդարադատության խորհրդի կողմից կայացված վերոհիշյալ որոշումն ըստ էության ոտնձգություն է դատական իշխանության և դատավորների անկախության նկատմամբ, միաժամանակ հանդիսանալով զսպող միջոց /chilling effect/` արդարացնելով հիմնականում խափանման միջոցներից ամենածանրը` կալանավորումը, կիրառելու արատավոր պրակտիկան և գրեթե իսպառ վերացնելով հետագայում դատավորների կողմից գրավի կիրառման հնարավորությունը:
Տարակուսանք է առաջացնում նաև այն փաստը, որ Արդարադատության խորհրդի որոշումը կայացվել է այնպիսի հանգամանքներում, երբ վիճահարույց դատական ակտը չի բողոքարկվել և չի բեկանվել, որն ինքնին բարձրացնում է դատական ակտերի վերջնական լինելու /res judicata/ հիմնարար սկզբունքի խախտման մասին հարց, որն էլ որպես այդպիսին կասկածի տակ է դնում Արդարադատության խորհրդի որոշման իրավաչափությունը:
Գտնում ենք, որ ոչ թե դատավոր Ս.Մնացականյանի կայացրած որոշումը չի ապահովում դատական իշխանության կայացրած որոշումների նկատմամբ հանրության վստահությունը` նսեմացնելով դատական իշխանության հեղինակությունը, ինչպես գտել են Կարգապահական հանձնաժողովն ու Արդարադատության խորհուրդը, այլև վերջին երկու մարմինների և Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի նման գործելակերպն են նսեմացնում դատական իշխանության հեղինակությունը` նվազեցնելով առանց այն էլ հանրության ցածր վստահությունը դատական ակտերի և ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ:
Հայտնելով մեր զորակցությունը ներկայիս պայմաններում քաղաքացիական արիություն դրսևորող, ցավոք սրտի դեռևս սակավաթիվ դատավորներին, կոչ ենք անում Հանրապետության Նախագահին մերժել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Արդարադատության խորհրդի միջնորդությունը: Միաժամանակ գտնում ենք, որ պետք է վերանայվի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա.Մկրտումյանի, Արդարադատության խորհրդի վերոհիշյալ որոշումն ընդունած անդամներ Վ.Աբելյանի, Կ.Բաղդասարյանի, Ռ.Բարսեղյանի, Ա.Թումանյանի, Ա.Խաչատրյանի, Մ.Մակյանի, Ս.Օհանյանի, կարգապահական հանձնաժողովի անդամների հետագա պաշտոնավարության նպատակահարմարությունը:
ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբաններ`
1.      Տիգրան Սաֆարյան
2.      Ռուբեն Հակոբյան
3.      Ռուզաննա Սիրեկանյան
4.      Աննա Ջուվանովա
5.      Վարդան Գրիգորյան
6.      Ապետնակ Պողոսյան
7.      Ամալյա Ավագյան
8.      Հովսեփ Հովսեփյան
9.      Գուրգեն Հարությունյան
10.  Անուշ Մխիթարյան
11.  Կարեն Թումանյան
12.  Էդմոն Մարուքյան
13.  Ռուբեն Ղազարյան
14.  Արսեն Գալստյան
15.  Ռոբերտ Մանվելյան      
16.  Կարեն Մանուչարյան                                          
                                         
2011թ. հուլիսի 3, ք.Ծաղկաձոր
Նորացվել է (Կիրակի, 03 Հուլիս 2011 09:13)

Copyright © 2011 ՀՀ փաստաբանների պալատ