среда, 5 января 2011 г.

Անհասկանալի նախազգուշացում դատավոր Ռուզաննա Հակոբյանին

2010 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դատավոր Ռուզաննա Հակոբյանը
քննելով թիվ ՎԴ/4439/05/09 վարչական գործը բավարարել էր հայցը, որը հետագայում բեկանվել էր Վճռաբեկ դատարանի կողմից: Գործի համառոտ նկարագիրը հանգում էր նրան, որ հայցվորը դիմել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ հղիության եւ ծննդաբերության նպաստ ստանալու համար: Ծառայությունը մերժել է հայցվորին նպաստ տրամադրել, քանի որ հայցվորը սոցիալական վճարումների մասով ունեցել է չվճարված պարտավորություններ:

Դատավոր Ռ. Հակոբյանը իր որոշման պատճառաբանական մասում մասնավորապես նշել է «Ծառայության կողմից սխալ է մեկնաբանվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը հանգեցրել է հայցվորի խնդրանքի ոչ իրավաչափ մերժմանը: Ըստ Դատարանի նշված իրավական նորմով օրենսդիրը կարեւորել է պարտադիր սոցիալական ընթացիկ վճարները վճարելու եւ ապահովագրական նպաստի իրավունք ունենալու, այն ձեռք բերելու հանգամանքները: Տվյալ դեպքում նշված երկու պայմաններն էլ ապահովված են եղել, քանի որ հայցվորը պարտադիր սոցիալական ապահովության ընթացիկ վճարները վճարել է: Պարտք ունենալու հանգամանքը չի կարող նույնացվել վճարներ կատարված չլինելու հանգամանքի հետ, իսկ խնդրո առարկա իրավադրույթի այդօրինակ մեկնաբանությունը կհակասի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածին: Այսինքն՝ օրենքում բառացի նշված չէ, որ պարտք ունենալու դեպքում անձին նպաստ չի տրվում:»:

Այս առումով ԱԽ-ն իր որոշման պատճառաբանական մասում հիմնականում կրկնել է Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ըստ որի «… «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների եւ նույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը ՀՀ պետական բյուջե են փոխանցվում հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
Այսինքն՝ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից ուղղակիորեն հետեւում է, որ անձը կարող է համարվել սոցիալական վճարների վճարման իր պարտավորությունը կատարած միայն օրենքով սահմանված կարգով եւ չափով սոցիալական վճարներ վճարելու դեպքում, իսկ տվյալ Օրենքով անհատ ձեռներեցների համար սահմանված է ոչ միայն յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճար, այլ նաեւ տարվա համար հաշվարկված սոցիալական վճարներ վճարելու պարտավորություն»:

Արդյունքում ԱԽ-ն որոշել է դատավոր Ռ. Հակոբյանին հայտարարել նախազգուշացում:
Այնուամենայնիվ, ԱԽ-ի որոշումից պարզ չէ թե ի վերջո, որն էր դատավոր Ռ. Հակոբյանի օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտումը:

Նշված որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղեկագրի 15.12.2010թ.-ի թիվ 63 (797) համարում:

ՀՀ Արդարադատության խորհուրդը Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկեց

2010 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանին և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնացյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը:

ԴատավորԱրմեն Խաչատրյանը քննելով թիվ ԵԿԴ/0163/01/10 քրեական գործը, դատաքննության ընթացքում, ի պատասխան ամբաստանյալի միջնորդության` փաստաբան ներգրավելու մասին «զայրացել է» այնուհետեւ որոշել է ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխել եւ տալ կալանքի սանկցիա:

Դատավոր Ա. Խաչատրյանն իր որոշման պատճառաբանական մասում մասնավորապես նշել է «Նկատի ունենալով, որ ամբաստանյալը … դատական նիստերն անհարկի հետաձգելով (նկատի է ունեցել փաստաբան ներգրավելու միջնորդությունը), դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, ինչով խոչընդոտում է դատարանում քրեական գործի քննությանը, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամբաստանյալին մեղսագրված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է միայն ազատազրկում մեկ տարուց ավելի ժամկետով, իսկ ամբաստանյալը, ազատության մեջ մնալով, խոչընդոտում է դատարանում գործի քննությանը (կրկին նկատի է ունեցել փաստաբան ներգրավելու օրինական պահանջին), դատական նիստերն անհարկի հետաձգելով եւ ազատության մեջ մնալով, խոչընդոտում է դատարանում գործի քննությանը, դատական նիստերը անհարկի հետաձգելով եւ ազատության մեջ մնալով, կարող է կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված նոր արարք, ուստի դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ 0163/01/10 քրեական գործով ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է փոխել կալանավորմամբ:»:

Այս առումով ԱԽ-ն իր որոշման պատճառաբանական մասում նշել է, որ «… պաշտպան ունենալու իրավունքը ՀՀ Սահմանադրությամբ (20-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով (10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր) երաշխավորված հիմնարար իրավունք է: Ամբաստանյալն իրավունք ունի քրեական գործի քննության ցանկացած փուլում ունենալ պաշտպան, անկախ նրանից, որ գործի նախորդ քննության ընթացքում հրաժարվել է պաշտպան ունենալուց: Պաշտպան ունենալու իրավունքից օգտվելու հետ կապված անգամ մի քանի միջնորդություններ հարուցելը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախատեսված` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմք հանդիսացող վարքագծի դրսեւորում:»:

Արդյունքում ԱԽ-ն որոշել է դատավոր Ա. Խաչատրյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

Ինչ վերաբերվում է Շիրակի մարզի դատավորՍուրեն Մնացյանին ապա վերջինս ակնհայտորեն տեղյակ չի եղել անմեղության կանխավարկած ասված ինստիտուտին և իր որոշման մեջ գրել է «Նկատի ունենալով, որ մեղադրյալը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 4-րդ մասով և նույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն, խուսափում է քննությունից, թաքնվում է անհայտ հասցեով եւ ազատության մեջ մնալով կարող է կատարել համասեռ հանցագործություն, խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ խափանման միջոց` կալանավորում ընտրելու վերաբերյալ»:

Այս առումով ԱԽ-ն իր որոշման պատճառաբանական մասում դատավորին բացատրել է թե ինչ ասած է անմեղության կանխավարկած եւ բավարարվել է դատավոր Ս. Մնացյանին միայն նախազգուշացում հայտարարելով:

Նշված որոշումների ամբողջական տեքստերին կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղեկագրի 24.11.2010թ.-ի թիվ 59 (793) համարում: