суббота, 21 мая 2011 г.

ՊԱՏԱՆԻՆ ՈԻ ԱՆԱՐԴԱՐ ԴԱՏԱՎՈՐԸ

Մի պատանի հոր մահից հետո վատնեց նրանից մնացած ողջ ժառանգությունը, որովհետև հարբեցող էր, սիրում էր ուտել-խմել, բայց գործ բոլորովին չէր անում։ Մի օր էլ ծախսեց քսակում եղած վերջին դրամը, հարբած գնաց տուն։ Հաջորդ օրն առավոտյան անկողնուց ելնել չէր կարողանում, որովհետև բերանը սաստիկ չորացել, գլուխը ցավում էր, ինչպես սովորաբար լինում է հարբեցողներին, որ խումար են ասում։ Տանը մնացել էր միայն մի մոզի։

— Ի՞նչ անեմ, մայր իմ, ահա մեռնում եմ,— ասում է նա մորը։— Ուզում եմ մոզին տանել շուկա վաճառելու: Ստացածս դրամը տամ գինու, խմեմ, որ ազատվեմ թմրությունից։


Որդյակ,— պատասխանեց մայրը,— քո հոր ունեցվածքից այդ հորթն է մնացել մեր տանը, ա՞յդ էլ ես ուզում դու փուչ անել։ Դու գիտես, ինչ ուզում ես, արա։ Տղան հորթը տարավ շուկա։
Այդ քաղաքում մի դատավոր կար, որ տեղացի չէր։ Դատավորի երկու ծառաները իրենց տիրոջ պետքերը հոգալու նպատակով շրջում էին շուկայում։ Նրանք տեսան պատանուն։
— Ինչո՞ւ ես ման ածում այդ այծը,— հարցնում են նրանք։
— Վաճառում եմ,— պատասխանում է տղան։ Նրանք տղային տանում են դատավորի մոտ։
— Այս պատանին այծ է վաճառում, եթե ուզում ես՝ գնիր։
— Որքա՞ն է այծիդ գինը,— գիմում է պատանուն դատավորը։
— Ով դատավոր,— ասում է տղան,— ա՞յծ է սա, թե մոզի։
— Մեզ հիմա՞ր ես կարծում, որ ցանկանում ես քո այծը վաճառել մոզու գնով,— բարկանում է դատավորը։
— Քո ասածը թող լինի, ով դատավոր,— համաձայնում է պատանին,— որքան ուզում ես, տուր։
Եվ պատանուն տալով հիսուն դրամ, նա ասում է.
— Գնա, այդ է գինը։
Մտքի մեջ ուրախանալով, որ էժան է գնել, դատավորը ծառաներին հրամայում է.
— Մորթեցե՛ք, որ ուտենք։
— Ո՛վ դատավոր,— դիմում է նրան պատանին,— խնդրում եմ քեզանից, որ թույլ տաս վերցնել պոչը։
Դատավորը կարգադրում է` տալ պատանուն հորթի պոչը։ Վերցնելով ուզածը, տղան շտապ գնում է դարբնի մոտ, պատրաստել է տալիս երկաթե փշեր ու անցկացնում մոզու պոչին։ Մի սարսափելի ու ահավոր բան՝ տեսնողների համար։ Բայց մի փոքր տեղ մազերն ազատ է թողնում, որպեսզի ճանաչվի, որ մոզու պոչ է։ Վերադառնալով տուն` մորն ասում է.
— Տո՛ւր ինձ քո բոլոր շորերը, որ պահած ունես։


— Որդյա՛կ ինչո՞ւ ես այդպես անում,— լացով բողոքում է մայրը,— քո հոր ունեցվածքը ծախեցիր կերար, այժմ սկսեցիր շորե՞րս վաճառել։
— Մի՛ վախեցիր,— հանգստացնում է նրան որդին,— ուրիշ բան եմ անելու։
Մայրը հավատաց։ Վերցնելով մոր շորերը, տղան հագնում է ու գնում կանգնում դատավորի դռան առջև: Ծառաները տեսնելով նրան չեն ճանաչում։
— Ո՛վ կին,— հարցնում են նրան,— ինչո՞ւ ես այստեղ ման գալիս, ի՞նչ ես ուզում։
— Ձեր նման գեղեցիկ երիտասարդների համար եմ եկել,— կանացի քնքշություն տալով ձայնին, պատասխանում է տղան։
— Երանի քեզ, ո՜վ կին, այսօր՝ բախտդ բերեց,— ասում են ծառաները։— Այստեղ է ապրում քաղաքի դատավորը, նա կին չունի։ Ե՜կ, տանենք քեզ նրա մոտ, դարձիր նրա կինը ու երջանիկ կլինես։
Տղան համաձայնում է ու նրանց հետ մտնում դատավորի մոտ։
Դատավորը շատ է ուրախանում կնոջ գալու համար, ընտիր ու համեղ կերակուրներ է պատրաստել տալիս, ուտում–խմում են։ Ապա նա ծառաներին դուրս է անում տնից, որովհետև այրվում էր սիրո ցանկությունից։ Երբ առանձին են մնում, դատավորն սկսում է շշուկով խոսել աղջկա հետ։
— Սա ի՞նչ է,– հարցնում է կինը դատավորին:
— Օրենսգիրք է,— պատասխանում է դատավորը,— սրանով արդար դատաստան ենք անում խեղճերի օգտին։
Այնտեղ կար նաև մի երկաթե մամլիչ, որով պատժում էին չարագործներին։
— Սա ի՞նչ է, ով դատավոր,— մատնացույց անելով մամլիչը, հարցնում է կարծեցյալ կինը։
— Դա չարագործների համար է, եթե մեկը արժանի է ծեծի ու չարչարանքների, օրենսգրքի հիման վրա տանջում ենք նրան։
— Ինչպե՞ս է լինում, բոլորովին տեսած չկամ,— հարց–


նում է կինը և մեկնում իր ոտքը, իբր թե ուզում է դնել մամլիչի տակ։
— Քեզ չի կարելի,— մերժում է դատավորը,— եթե տեսնել ես ուզում, ես կդնեմ իմ ոտքերը, իսկ դու նայիր՝ լավ է, թե ոչ։
Տղան ամրացնում է դատավորի ոտքերը կոճղերի մեջ ու, ձգելով շղթան, նրան ոտքերից բարձրացնում է վեր, ինչպես անում են ավազակներին։ Այնուհետև գրպանից հանելով մոզու պոչը, հարցնում է դատավորին.
— Ճանաչում ես, ով դատավո՛ր։ Սա մոզո՞ւ պոչ է, թե այծի։
— Մոզու պոչ է,— սարսափով ասում է դատավորը։
— Իսկ ինչո՞ւ պնդեցիր, թե այծի է։ Այդպե՞ս ես դու դատաստան անում։
Ու տղան այնքան է հարվածում դատավորին, մինչև ամբողջ մարմինը կակղեցնում է։ Ապա նրան թողնում է այդ վիճակում ու հեռանում։
Հաջորդ օրն առավոտյան դատավորի դուռը դեռ փակ էր։ Ծառաները մտածեցին. «Այսօր լավ քնեց մեր դատավորը իր տիկնոջ հետ»։ Ու չուզեցին խանգարել։ Դատի համար հավաքված ամբոխն սկսեց բողոքել.
— Ո՞ւր է դատավորը, ինչո՞ւ մեզ ներս չեք թողնում։
Ծառաներն ստիպված բացեցին դուռը, մտան ներս, տեսան ոչ ոք չկա, միայն մամլիչի վրա՝ մեկը գլուխն ի վայր կախված էր։ Երբ մոտեցան, տեսան, որ դատավորն էր։
— Վա՜յ մեզ, քեզ ի՞նչ է պատահել,— երկյուղած հարցրին ծառաները։
— Ո՜վ չար սադայելներ,— նզովելով ծառաներին՝ լացակումած ասում է նա,— այդ ի՜նչ արեցիք ինձ, մոտս բերելով մոզու տիրոջը։
Ու պատմեց պատահածը։
Եվ քանի որ դատավորի շորերն ամբողջովին արյան մեջ կպել էին մարմնին, ու չէին կարողանում նրան մերկացնել, որոշեցին տանել բաղնիք։
Պատանին մի ուրիշ հնար է մտածում։ Վերցնելով դեղորայքի մանր ամաններ ու սրվակներ, իբր թե բժիշկ է, գնում է բաղնիքի դուռը։ Ծառաները դատավորին բաղնիք


բերելիս տեսնում են հիվանդների բազմությամբ շրջապատված մի բժշկի։
— Ո՛վ բժիշկ,— գիմում են նրան,— շտապ արի բաղնիք և բուժիր դատավորին, քեզ մեծ հարստություն կտանք։
«Հարստությունը թող ձեզ մնա, ես գիտեմ անելիքս»,— մտածում է տղան և գնալով տեսնում, որ դատավորը պառկած է արնաշաղախ։
— Ուշադիր եղիր, որ մարդ ներս չմտնի,— ասում է նա բաղնիքի տիրոջը,— մինչև որ ավարտեմ բուժումը։
Մենակ մնալով դատավորի հետ, տղան գրպանից հանում է հորթի պոչը ու հարցնում.
— Ով դատավոր, ճանաչո՞ւմ ես, սա մոզո՞ւ պոչ է, թե՞ այծի:
Դատավորը հենց որ տեսնում է պոչը, սարսափահար է լինում ու սկսում գթություն աղերսել։ Տղան, ուշադրություն չդարձնելով նրա աղաչանքներին, ուզածի չափ ծեծում է։
— Ո՛վ դատավոր,— ասում է նա,— իմացի՛ր, որ մահդ իմ ձեռքով է լինելու։
— Դատավորի մոտ կմտնեք երեք ժամից հետո,— ելնելով դուրս, կարգադրում է նա բաղնեպանին,— բուժիչ դեղեր եմ դրել մարմնի վրա, թողեք մի քիչ հանգիստ քնի, որ լավանա։
Տղան գնում է տուն։
Երեք ժամ հետո բաղնեպանն ու ծառաները մտնում են ներս իմանալու, թե ինչպես է դատավորը։ Տեսնում են, որ բաղնիքը լցված է արյամբ, իսկ դատավորը մորթված անասունի նման ընկած է հատակին։ Վերցնելով նրան, հանում են դուրս:
— Քեզ ի՞նչ պատահեց,— հարցնում են դատավորին։
— Հորթի տիրոջ պատճառով այչևս չեմ կարող մնալ այս քաղաքում,— ասում է նա ծառաներին։
Տղան, մտածելով մի ուրիշ հնար, գնում է մի ուղտապանի մոտ։
— Տո՛ւր, ինձ քո ուղտը, որպեսզի այսինչ քաղաքը գնամ,— առաջարկում է նրան։
— Որքան ուզում ես, կվճարեմ քեզ:


Առնելով ուղտը, տղան գնում է շուկա ու սպասում այնտեղ։ Տեսնելով նրան, դատավորի ծառաները ասում են.
— Կգնա՞ս այսինչ քաղաքը։ Մեր դատավորը հիվանդ է, պետք է նրան տանենք այնտեղ։
— Կգնա՛մ,— պատասխանում է տղան,— բայց ուղտի վարձը նախապես պիտի վճարեք։
Ծառաները վճարում են վարձը, դատավորին նստեցնում ուղտի վրա ու գնում, որպեսզի վերցնեն նաև ճանապարհի պաշար։ Ծառաների հեռանալուն պես, տղան սկսում է հարվածել ուղտին։ Եվ նա ճանապարհ ընկավ այնպիսի արագությամբ, որ թռչունն անգամ չէր կարող հասնել նրա ետևից։ Պատանին գնում հասնում է երկու կողմերից լեռներով շրջապատված մի անտառի, իջեցնում է դատավորին ուղտի վրայից, ցույց տալիս պոչը ու հարցնում.
— Ո՛վ դատավոր, ճանաչո՞ւմ ես, սա մոզո՞ւ պոչ է, թե այծի։
— Մեղա՛, որդյա՛կ,— ասում է դատավորը,— ներիր հանցանքներս։
— Ես քեզ ուզում եմ դատաստան անել սովորեցնել,— ասում է տղան ու ծեծում ուժգին, հասցնելով մահվան դուռը։ Այնուհետև թողնում է դատավորին ընկած, գնում է ինքը մոտակա նավահանգիստ քաղաքը։ Այնտեղ ծանոթանում է մի նավապետի հետ ու, ծովայինի զգեստ, հագնելով, դառնում նավավար։
Դատավորի ծառաները, ժամադրված վայրում չգտնելով ուղտապանին ու դատավորին, ուղտի հետքերով առաջ են ընթանում ու միայն հաջորդ օրը կարողանում են գտնել դատավորին։
— Քեզ ի՞նչ պատահեց։
Իսկ դատավորը այլևս չգիտեր, թե ի՞նչ է պատահել, որովհետև սարսափելի տանջանքներից ցնորվել էր։ Միայն կարողացավ ասել.
— Աստված ձեր դատաստանն անի, որովհետև դուք դարձաք իմ մահվան պատճառը։ Է՛լ չեմ մնա այս երկրում, որ չմեռնեմ մոզու տիրոջ ձեռքով։
Ծառաները մի ուրիշ ուղտ են գտնում ու, դատավորին նստեցնելով վրան, տանում են այն մոտակա քաղաքը, ուր


գնացել էր նաև տղան: Քաղաքում դատավորին իջեցնելով մի տեղ, նրանք մեկնում են նավահանգիստ, որպեսզի նավ վարձեն ու տղայի ահից դատավորին տեղափոխեն ուրիշ երկիր։ Իսկ տղան նավահանգստում է լինջում, բայց ծառաները նրան չեն ճանաչում, որովհետև, կերպարանափոխված էր։ Սակարկելով տղայի հետ, ծառաները վճարում են վարձը ու դատավորին տեղավորում նավի վրա։
Ծառաները որոշում են գիշերել ծովափին, որովհետև նավաստիները ևս քնում էին այնտեղ։ Այդպես էլ անում են։ Իսկ նավի վրա մնում են միայն դատավորն ու մոզու տերը։ Գիշերվա կեսին մի հաջողակ քամի է ելնում, տեսնելով այդ, տղան բարձրացնում է առագաստները, ու նավն սկսում է շարժվել։ Լուսաբացին նավն արդեն ծովի կենտրոնում էր։ Տղան գրպանից հանելով պոչը, դիմում է դատավորին.
— Ո՛վ դատավոր, ի՞նչ է սա, ճանաչո՞ւմ ես, մոզո՞ւ պոչ է, թե՞ այծի։
— Մեղա՛, մեղա՛, որդյա՛կ,— ասում է դատավորը,— ներիր հանցանքներս, ողջ ունեցվածքս քեզ կտամ, միայն թե մի սպանիր։
— Հիշի՛ր այն օրը, ով դատավոր,— ասում է տղան,– երբ հորս ժառանգությունից միայն մոզին էր մնացել, ու ծանր էր վիճակս չքավորության պատճառով, բայց դու ինձ հետ արդար չվարվեցիր։ Դրա համար դարձա քո մահաբեր թշնամին։
Ու նորից հարվածելով դատավորին, տղան նետում է նրան ծովը։
— Այսուհետև, թե դատավոր լինես, արդար դատիր:

среда, 18 мая 2011 г.

ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ էր հարուցել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գևորգ Բալայանի նկատմամբ:

2011 թվականի ապրիլի 8-ին ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ էր հարուցել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Գևորգ Բալայանի նկատմամբ:
Տվյալ գործի փաստերը հանգում էին նրան, որ դատավորԳևորգ Բալայանը ի պատասխան անձի դիմումի, որը խնդրում էր իրեն տրամադրել կատարողական թերթ, օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարման ներկայացնելու համար, նշել էր՝ «Հիշյալ գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 10.06.2010թ. կայացված որոշման եզրափակիչ մասում չի նախատեսվել, որ դատական ակտը պարտապանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, հետևաբար կատարողական թերթ հնարավոր չէ տրամադրել»: Դատավորը իր այդ քայլը արդարացրել է նրանով, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վճռի եզրափակիչ մասում պետք է լինի պարտադիր նշում վճիռը կամովին չկատարելու դեպքում այն ԴԱՀԿ միջոցով կատարելու մասին, ինչը սակայն Վերաքննիչ դատարանի որոշման մեջ չի եղել:

Արդյունքում Արդարադատության խորհուրդը պարզաբանել է, որ վճիռների կատարումը հանդիսանում է արդար դատաքննության մաս, որը երաշխավորված է ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ ՄԻԵԿ 6-րդ հոդվածով:

Արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալայանին հայտարարել նախազգուշացում:

Այս գործին կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղակագրի 27.04.2011 թվականի թիվ 24 (827) համարում: