пятница, 18 апреля 2014 г.

Իրավագիտության մագիստրոսը մերժվել է փաստաբանական դպրոցի կողմից, դիմել է ՍԴ (Տեսանյութ). Aravot.am


Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով, 9 անդամների մասնակցությամբ` այսօր լսեց իրավաբան Գեւորգ Սլոյանի դիմումը՝ «ՀՀ փաստաբանության մասին» օրենքի 45 հոդվածի 6-րդ կետի 1-ին մասի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: 

Զեկուցողն էր ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը: 

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի փետրվարի 14-ի գրությամբ էլ ԱԺ աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու՝ Սոնա Թեւանյանը լիազորվել էր, որպես պատասխանող հանդես գալու սահմանադրական դատարանում: 

Aravot.am-ին Գեւորգ Սլոյանն ասաց, որ վիճարկվող հոդվածը չի համապատասխանում սահմանադրության մի քանի հոդվածներին՝ խտրականության արգելքի հոդվածին, կրթության իրավունքի համապատասխան նորմի եւ աշխատանքի ազատության իրավունքի ընտրության ազատության հոդվածներին: 

Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն անձը, ով ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ բարձրագույն իրավաբանական կրթության բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում: 

«Հայաստանում սահմանված է, որ բարձրագույն իրավաբանական որակավորման աստիճան է համարվում նշված որակավորումները՝ բակալավրն ու դիպլոմավորված մասնագետները: Հիմա ես՝ իրավագիտության մագիստրոսս մերժվել եմ այն պատճառաբանությամբ, որ ես չունեմ իրավագիտության բակալավրի որակավորում: Ես ասում եմ, չէ որ մագիստրոսի որակավորումը նույնպես բարձրագույն իրավաբանական կրթության որակավորում է: Եթե մեր կրթական օրենսդրությունն ասում է, որ այս երեք որակավորման աստիճանները բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճաններ են, ինչպես կարելի է, երեք աստիճան ունեցողներից երկուսին թույլատրել դառնալ փաստաբան, երրորդներին ասել չէ»,-ասում է Գ.Սլոյանը:

Ըստ մագիստրոսի, այստեղ ակնհայտ է խտրականությունը: Նկատենք, որ բոլոր երեքն էլ իրավաբաններ են: «Անձանց մի մասի համար սահմանափակում ստեղծելով, առաջանում է խտրականություն»: Ազգային ժողովը խտրականության հետ կապված տվել է իր գրավոր պատասխանը:

Դիմումատուն «տարօրինակ», «կատարյալ անհեթեթություն» է համարում ԱԺ ձեւակերպում-պատասխանը:«Այն իրավաբանները, որոնք բակալավր են դարձել այլ մասնագիտությամբ փիլիսոփայություն, տրամաբանություն, պատմություն, եւ այլն, իրենք բազային այդ 4 տարվա դասընթացը , պետք է ստանան բազային գիտելիքներ, եւ դրա հենքի վրա ընդունվեն մագիստրատուրա», ինչը, ըստ իրավաբանի, ենթադրում է, որ եթե անձը չի սովորել իրավաբանության բաժնում, նա չունի բազային գիտելիքներ: 

Գեւորգ Սլոյանն ասում է, որ ինքը փաստաբան չի, կարողացել է այնպիսի դիմում գրել, որն ընդունել է Սահմանադրական դատարանը: «Մարդիկ հենց այնպես չեն ընդունվում մագիստրատուրա: Նրանք դիմում են, ասում են, արի քննություն հանձնի: Այդ քննությունը ենթադրում է բակալավրի կուրսի որոշակի գիտելիքների ստուգում:Միգուցե, փիլիսոփա է, բայց ինքնակրթությամբ բավականին լուրջ լավ է տիրապետում այդ գիտելիքներին»,-ասում է Գ.Սլոյանը: 

Նախկինում «բարձագույն իրավաբանական կրթություն» ձեւակերպման մեջ մտնում էին նաեւ մագիստրոսները:Կրթության մասին օրենքն էլ ընդունում էր որակավորման այդ երեք աստիճանները: 

«Ինչ է ակնկալում դիմումատուն խորհրդակցական սենյակ մտած սահմանադրական դատարանի դատավորներից» հարցին էլ պատասխանում է. «Թնդանոթներով ծիտիկների վրա չի կարելի կրակել: Ես համոզված եմ եղել, որ իմ մագիստրոսական որակավորումը հնարավորություն կտա դառնալ փաստաբան: Ժամանակ, ֆինանսներ եմ ծախսել, հասել է ընդունվելու ժամանակը, փոխվել է օրենքը: Լեգիտիմ ակնկալիքների խնդիր է:

Կարծում եմ , Սահմանադրական դատարանը միանշանակ իմ հարցի լուծման համար դրական դիրքորոշում հայտնի.որ Գեւորգ Սլոյանը չէր կարող կանխատեսել, որ ապագայում կընդունվի մի օրենք, որը կկիրառվի նրա նկատմամբ, ինչի հետեւանքով ինքը կզրկվի իր լեգիտիմ ակնկալիքներից»: 


Աղբյուրը` aravot.am

Комментариев нет:

Отправить комментарий