среда, 5 января 2011 г.

Անհասկանալի նախազգուշացում դատավոր Ռուզաննա Հակոբյանին

2010 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Արդարադատության խորհուրդը դռնփակ նիստում քննարկել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դատավոր Ռուզաննա Հակոբյանը
քննելով թիվ ՎԴ/4439/05/09 վարչական գործը բավարարել էր հայցը, որը հետագայում բեկանվել էր Վճռաբեկ դատարանի կողմից: Գործի համառոտ նկարագիրը հանգում էր նրան, որ հայցվորը դիմել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն՝ հղիության եւ ծննդաբերության նպաստ ստանալու համար: Ծառայությունը մերժել է հայցվորին նպաստ տրամադրել, քանի որ հայցվորը սոցիալական վճարումների մասով ունեցել է չվճարված պարտավորություններ:

Դատավոր Ռ. Հակոբյանը իր որոշման պատճառաբանական մասում մասնավորապես նշել է «Ծառայության կողմից սխալ է մեկնաբանվել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը հանգեցրել է հայցվորի խնդրանքի ոչ իրավաչափ մերժմանը: Ըստ Դատարանի նշված իրավական նորմով օրենսդիրը կարեւորել է պարտադիր սոցիալական ընթացիկ վճարները վճարելու եւ ապահովագրական նպաստի իրավունք ունենալու, այն ձեռք բերելու հանգամանքները: Տվյալ դեպքում նշված երկու պայմաններն էլ ապահովված են եղել, քանի որ հայցվորը պարտադիր սոցիալական ապահովության ընթացիկ վճարները վճարել է: Պարտք ունենալու հանգամանքը չի կարող նույնացվել վճարներ կատարված չլինելու հանգամանքի հետ, իսկ խնդրո առարկա իրավադրույթի այդօրինակ մեկնաբանությունը կհակասի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածին: Այսինքն՝ օրենքում բառացի նշված չէ, որ պարտք ունենալու դեպքում անձին նպաստ չի տրվում:»:

Այս առումով ԱԽ-ն իր որոշման պատճառաբանական մասում հիմնականում կրկնել է Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ըստ որի «… «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության համաձայն՝ անհատ ձեռնարկատերերը տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների եւ նույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը ՀՀ պետական բյուջե են փոխանցվում հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
Այսինքն՝ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից ուղղակիորեն հետեւում է, որ անձը կարող է համարվել սոցիալական վճարների վճարման իր պարտավորությունը կատարած միայն օրենքով սահմանված կարգով եւ չափով սոցիալական վճարներ վճարելու դեպքում, իսկ տվյալ Օրենքով անհատ ձեռներեցների համար սահմանված է ոչ միայն յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճար, այլ նաեւ տարվա համար հաշվարկված սոցիալական վճարներ վճարելու պարտավորություն»:

Արդյունքում ԱԽ-ն որոշել է դատավոր Ռ. Հակոբյանին հայտարարել նախազգուշացում:
Այնուամենայնիվ, ԱԽ-ի որոշումից պարզ չէ թե ի վերջո, որն էր դատավոր Ռ. Հակոբյանի օրենքի ակնհայտ եւ կոպիտ խախտումը:

Նշված որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղեկագրի 15.12.2010թ.-ի թիվ 63 (797) համարում:

Комментариев нет:

Отправить комментарий