пятница, 25 марта 2011 г.

2011 թվականի փետրվարի 25-ին ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթ է հարուցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Աստղիկ Խառատյանի, Կարեն Չիլինգարյանի և Ամրահի Պետրոսյանի նկատմամբ: Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել նշված դատավորների կողմից թույլ տրված օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումները:

Գործի փաստերը հանգում են նրան, որ դատավորներ` Աստղիկ Խառատյանը, Կարեն Չիլինգարյանը և Ամրահի Պետրոսյանը ակնհայտորեն խախտել են անձի ողջամիտ ժամկետներում գործը քննելու իրավունքը:

Նախագահող դատավոր Աստղիկ Խառատյանը չնայած նրան, որ ստորադաս դատարանի դատական ակտը ստացել էր օրինական ուժ, որով հաստատվել էր կողմերի հաշտության համաձայնությունը և կողմի հաշտության պայմանները չկատարելու պատճառով այն ներկայացվել էր հարկադիր կատարման, այնուամենայնիվ վարույթ է ընդունել այդ գործը, իր որոշմամբ կասեցրել է ստորադաս դատարանի դատական ակտի կատարումը և անհարկի ձգձգել է գործի քննությունը: Ավելին, իր վերջնական դատական ակտով՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս ատյանի դատական ակտը, միաժամանակ չի լուծել կասեցման հետ կապված հարցը:

Դատավորները իրենց հակաօրինական վարքագիծը բացատրել են նրանով, որ մի դեպքում գտնվել են արձակուրդում, իսկ մյուս դեպքում կողմերին տրամադրել են ժամկետ հաշտվելու համար: Այստեղ ուշագրավն այն է, որ նախ կողմերը նախկինում արդեն իսկ եկել էին հաշտության և որ մի կողմը չէր կատարել այդ հաշտության պայմանները: Բացի այդ կողմերից մեկը արտահայտել է դիրքորոշում, որ նա չի ցանկանում կրկին հաշտության գալ կողմի հետ և խնդրում է գործի հետագա քննությունը շարունակել: Այս առումով, սակայն դատավորները մնացել են անդրդվելի:

Ինչևէ Արդարադատության խորհուրդը գտել է, որ նշված դատավորները ակնհայտ և կոպիտ խախտել են օրենքը և նկատի ունենալով, որ դատավոր Աստղիկ Խառատյանը մեկ այլ գործով (21.01.2011թ.-ի ԱԽ-1-Ո-4) արդեն իսկ նախազգուշացվել էր, ուստի Ա. Խառատյանին հայտարարել է նկատողություն՝ զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով, իսկ Կ. Չիլինգարյանին և Ա. Պետրոսյանին հայտարարել է նախազգուշացում:

Այս որոշմանը կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղակագրի 16.03.2011 թվականի թիվ 16 (819) համարում: